Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) խոսնակ Հալուք Քոչը հայտարարություն է արել' բացառելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիա կազմելու հավանականությունը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:

 

 

«Ընտրություններում հիմնական տանուլ տվածն Էրդողանն է, ով իրեն իշխող կուսակցության համանախագահի տեղը դրած անարդար նախընտրական քարոզչություն էր իրականացնում»,- ասել է Քոչը:

 

 

Լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կոալիցիա կազմել ԱԶԿ-ի հետ, ՀԺԿ խոսնակն ասել է. «Հարգարժան Քըլըչդարօղլուն (խմբ.-ՀԺԿ ղեկավար) արդեն ասել է, որ ԱԶԿ հետ միավորվելու հավանականություն չկա»:

 

 

Թուրքիայի խորհրդարանական 25-րդ ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85 տոկոսը (258 պատգամավոր)' նախորդ ընտրությունների 49,83 տոկոսի փոխարեն: Իշխանության ղեկին լինելու 13 տարուց հետո առաջին անգամ ԱԶԿ-ն կորցրել է միակուսակցական կառավարություն կազմելու, ինչպես նաև իր ուժերով սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը: Այժմ անհրաժեշտ է, որ այն կոալիցիոն կառավարություն կազմի ընտված կուսակցություններից որևէ մեկի հետ:

 

 

Քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքներով Հանրապետական ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը' 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը' 13,11 տոկոսը (80 պատգամավոր): Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրե լու հնարավորություն ունեցող քաղաքացիների 86,62 տոկոսը: Անվավեր է ճանաչվել ավելի քան մեկ միլիոն քվեաթերթիկ: