Սիրիան չի կարող կոալիցիա կազմել այն երկրների հետ, որոնք աջակցում են ահաբեկչությանը: Այս մասին BBC –ին տված հարցազրույցում նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն՝ ավելացնելով. «Մեզ համար կարևոր է մնալ անկախ, մենք չենք ցանկանու մ դառնալ խամաճիկ և գործել մեր շահերի դեմ»,- ընդգծել է նա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ասադի խոսքով, ցանկացած պատերազմում խաղաղ բնակիչներ են զոհվում, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր պատերազմ վատ հետևանքներ է ունենում, և հնարավոր չէ առանց զոհերի: Նա նշել է, որ 2011թ. սկսված հակակառավարական հանրահավաքները հենց սկզբից խաղաղ չեն եղել: Հանրահավաքներին Սիրիայի տարբեր հատվածներում մասնակցել են 140 հազար մարդ, այդ թիվն աճել է՝ հասնելով մինչև մեկ միլիոնի, որը 24 միլիոն բնակչության մեջ զգալի թիվ չի կազմում: Այն հարցին, թե արդյոք Սիրիան դարձե՞լ է անգործունակ, Ասադը հերքել է՝ ավելացնելով, որ պետական հաստատությունները կատարում են իրենց պարտականությունները:

 

Սխալներ գործելու վերաբերյալ նա ասել է, որ բոլորն էլ կարող են սխալվել, կարող են սխալներ գործել ամեն օր՝ հավելելով, որ գործնականում որոշ սխալներ են թույլ տվել քաղաքացիների հանդեպ, ինչի պատասխանատուները պատժվել են: Իրենք որոշում են ընդունել հենց սկզբից պայքարել ահաբեկչության դեմ, որոշել են երկխոսություն անցկացնել ազգային մակարդակով:

 

«Մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ և պաշտպանում ենք բնակիչներին ու երկխոսություն ենք անցկացնում: Եւ եթե մենք սպանենք բնակիչներին, ինչպես ասում են, ինչպե՞ս կարող է դա շարունակվել 4 տարի: Ենթադրենք բնակչությունը, Արևմուտքը, տարածաշրջանի պետությունները մեր դեմ են, բայց իմ պաշտոնավարությունը 4 տարի շարունակվում է կառավարության և բանակի հետ, այս ամենն առանց ժողովրդի աջակցության անհնար է»,- հայտարարել է Ասադը: