Թուրքիայում հրապարակվել են մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական տվյալները: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ներկայում բացված և հրապարակված է քվեատուփերի 97.66 տոկոսը: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, նախնական տվյալների համաձայն, ըն տրություններում ձայների մեծամասնությունն ստացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այն ստացել է քվեների 45.56 տոկոսը: Երկրորդ տեղում է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը' 27.91 տոկոսով, երրորդը «Ազգայնական շարժում» կուսակցությունն է' 15.16 տոկոս: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը ստացել է 4.01 տոկոս ձայն:

 

Ըստ նախնական տվյալների, Ստամբուլում և Անկարայում քաղաքապետի պաշտոնում ընտրվել են իշխող կուսակցության թեկնածուները' Քադիր Թոփբաշը և Իբրահիմ Մելիհ Գյոքչեքը: Քրդական կուսակցությունը ձայների մեծամասնությունն ստացել է Աղրըում (Արարատ), Բիթլիսում, Դիարբեքիրում, Հաքքարիում, Սիիրթում (հայկական Սղերթ), Թունջելիում, Վանում, Բաթմանում, Շըրնաքում, Իղդիրում (Իգդիր):

 

Առաջին անգամ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ հաջողություն է գրանցել Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը: Թունջելիի Օվաջըք գավառում հաղթել է կուսակցության առաջադրած թեկնածուն' Ֆաթիհ Մեհմեթ Մաչօղլուն:

 

Լրատվամիջոցներից որոշները հայտնել են ընտրությունների ժամանակ լցոնումների մասին: Մի շարք ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ անջատվել է էլեկտրականությունը:

 

Ընտրության արդյունքները հրապարակելու ընթացքում երկու խոշորագույն գործակալությունների' «Անադոլու»-ի և «Ջիհան»-ի' միմյանց հակասող տվյալները շփոթմունք են առաջացրել: «Անադոլու»-ն ընտրրություններում ավելի շատ քվե է տվել ԱԶԿ-ին, մինչդեռ «Ջիհան»-ի մոտ իշխող կուսակցության ձայներն ավելի քիչ են եղել: Հետաքրքրական է, որ քվեների հաշվարկը սկսելուց մի քանի ժամ հետո հաքերային հարձակում է տեղի ունեցել «Ջիհան» գործակալության վրա, որի կայքը ժամանակավորապես դարձել է անհասանելի:

 

Ընտրելու իրավունք ունեցող 52 մլն 965 հազար 831 հոգուց ընտրություններին մասնակցել է 43 մլն 438 հազար 465–ը: Քվեներից վավեր են ճանաչվել 42 մլն 033 հազար 038-ը: Քվեարկությունը տեղի է ունեցել 194 հազար 310 ընտրատեղամասերում: Ընտրություններին մասնակցել է 26 կուսակցություն: