ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպման ընթացքում' հունվարի 21-ին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Թուրքիայում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

 

ՀՀ դեսպանը կիսեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի' հունվարի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արտահայտված ակնկալիքը, որ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվելու, ինչը հանրությանն ի ցույց կդնի խոսքի ազատության և լրագրողների նկատմամբ բռնության դեմ պայքարի կարևորությունը:

 

Նա նշեց, որ Հայաստանը հետևողական կերպով սատարում է մամուլի ազատությանը և լրագրողների ու իրավապաշտպանների անվտանգությանը: Թուրքիայում լրագրողների, համայնքային ղեկավարների և իրավապաշտպանների ահաբեկումը, նրանց նկատմամբ բռնությանն ու սպանություններին արձագանքելու անկարողությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ՝ դրանով իսկ խրախուսելով անհանդուրժողականությունը երկրի պաշտոնական դիրքորոշմանը հակադիր ցանկացած գաղափարի նկատմամբ:

 

Այդ համատեքստում հայկական կողմը մատնանշեց թուրքական իշխանությունների արձագանքը հայտնի թուրք մտավորականների նկատմամբ, որոնք համարձակվել են ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն թուրքական հասարակության մի լայն զանգվածի՝ ընդգծելով, որ նրանց նկատմամբ հարուցվել է հետաքննություն թուրքական քրեական օրենգրքի 301-րդ հոդվածի հիման վրա, որը ժամանակին օգտագործվել էր Հրանտ Դինքին մեղադրելու և դատապարտելու համար:

 

Դեսպան Կիրակոսյանը դրական գնահատեց այն հանգամանքը, որ թուրք հասարակության զգալի մի հատված ցույցերի էր դուրս եկել՝ ոգեկոչելու Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել սպանության բոլոր կազմակերպիչներին: Հայաստանի ներկայացուցիչը նաև կոչ արեց թուրքական իշխանություններին պատշաճ արձագանքել այդ կոչերին: