Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության շենքի դիմաց, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը, այս պահին տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ:
Հարյուրավոր մարդիկ տարբեր պաստառներով և Դինքի լուսանկարներով հավաքվել են խմբագրատան շենքի դիմաց: Հավաքվածները տարբեր կոչեր են հնչեցրել՝ «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Մարդասպանը պատասխան է տալու», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Հակառակ ֆաշիզմին՝ իմ եղբայրն ես, Հրանտ», «Թող դատապարտվեն սպանելու հրաման տվողները», «Հանցագործներին պաշտպանողները հանցակիցներ են»:
Այս տարի պատշգամբից ելույթ է ունեցել Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը: Նա իր խոսքում նշել է, որ 11 տարի առաջ Հրանտի մարդասպանները ներկայում փորձում են սեփական շահի համար օգտագործել Դինքին: «Նոր սցենար են գրել և ցանկանում են, որ հավատանք դրան, ուզում են, որ իրենց հանգիստ թողնենք: Համաձայն այդ նոր սցենարի՝ Հրանտին սպանողն այն խումբն է, որը դեռ երեկ իրենց հետ ձեռք ձեռքի տված էր գործում, իսկ այսօր իշխանության համար պայքարի պատճառով նրանց միջև վիճաբանություն է սկսվել:
Պարոնայք, ձեր գրած սցենարն իրականության միայն մի փոքր մասն է, մեզ դրանով չեք խաբի: Գրեք և հիշեք՝ մենք ճշմարտությունն ենք ուզում՝ ամբողջությամբ: Գիտենք, որ շատ բարդ է, սակայն չենք դադարելու պահանջել, որ ցույց տաք և դատապարտեք իրական մեղավորներին»,- ասել է Չեթինը:
Ցույցի մասնակիցների շարքում է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ ցավոք Դինքը 11 տարվա ընթացքում չստացավ այն արդարությունը, որին արժանի էր: «Այն խավարը, որը սպանեց Դինքին, մինչ օրս շարունակվում է: Քանի դեռ այս հանցագործությունը բացահայտված չէ, այլ հանցանքներ ևս կլինեն: Կոչ եմ անում բոլորին միանալ Հրանտ Դինքի համար արդարության պայքարին»,- նշել է նա: