Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող մեջլիսի հանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չի բացահայտվել:
Փայլանն իր առաջարկում հիշատակել է նաև Դինքի նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ (Թուրք ժողովրդին ու Թուրքիայի պետական կառույցները վիրավորելը) հոդվածով իրականացված հետաքննությունները, որոնք Դինքին դարձրեցին ազգայնականների թիրախ:
««Թուրքերի թշնամի հայ» ու այլ պիտակավորումներով Դինքին իսկական թիրախ դարձրեցին: Կառավարությունը չկանգնեցրեց Դինքի թիրախավորման գործընթացը, չքննադատեց մեդիայում նրա դեմ կիրառվող ատելության լեզուն, ճիշտ հակառակը՝ կառավարության անդամները իրենց արտահայտություններով ավելի նպաստեցին նրա սպանության համար պայմաններ ստեղծվելուն»,- ասել է հայ պատգամավորը մեջլիսին ներկայացրած առաջարկում:
Առաջարկը դրվել է քվեարկության, սակայն մերժվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) քվեներով: