Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Մուամար Գյուլերը Հրանտ Դինքի սպանության գործով կդատվի սպանության մասին տեղեկացված լինելու եւ այն կանխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հիմնավորմամբ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է DemokratHaber կայքը' հիշեցնելով, որ Դինքի սպանության ժամանակաշրջանում Մուամար Գյուլերը զբաղեցնում էր Ստամբուլի նահանգապետի պաշտոնը:

 

Կայքը հայտնում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունն առաջիկա հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ այդ օրվանից չեղյալ է համարելու Մ.Գյուլերի անձեռնմխելության մասին իր նախկին որոշումը, ինչով էլ օրակարգ է մտնելու Դինքի սպանության մասին տեղյակ լինելու հիմնավորմամբ նրան դեմ դատական գործի վարույթը:

 

Հրանտ Դինքի սպանության գործով ընթացիկ տարվա փետրվարի 2-ին ձերբակալվել էր Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը: Նախկին բարձրաստիճան ոստիկանի ձերբակալման որոշումը կայացրել էր Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն:

 

2014 թվականի հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն էր տվել Դինքի սպանության ժամանակ կարեւո պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ դատական գործեր հարուցելուն, որոնց թվում են Ստամբուլի նահանգային ոստիկանապետ Ջելալեթին Ջեռահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգորը եւ այլք:

 

Գործով մեղադրյալներ Էրհան Թունջելը, Յասին Հայալը եւ Օգյուն Սամասթը այդ գործերով անցել են որպես վկաներ: Հրանտ Դինքի սպանության՝ Ստամբուլի առանցքային ղեկավարներից Մումարա Գյուլերի հետ կապված մինչեւ այս պահը որեւէ դատական գործառույթ չէր անցկացվել:

 

Այն բանից հետո, երբ 2004 թվականին «Ակոս»-ում հրապարակվել էր հոդված Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչու եւ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի հայկական ծագում ունենալու մասին, Ստամբուլի նախկին փոխքաղաքապետ Գյունգորն իր վերադասի հանձնարարությամբ Հրանտ Դինքին կանչել էր իր մոտ: Հանդիպման ժամանակ նա սպառնացել էր Դինքին' նշելով, որ կարող է թիրախ դառնալ ազգայնականների համար, եւ ինչպես հանդիպումից հետո բնորոշել էր հենց ինքը' Դինքը «փորձել էր նրան ցույց տալ իր տեղը»:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

2012 թվականի հունվարի 17-ին, դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու որշումներ են ընդունվել: