Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կարևորելով այն ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ Հայաստանի գործընկերության զարգացման տեսանկյունից:
Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է ԵՄ անդամ պետությունների և մասնավորապես գերմանական կողմի աջակցությունն այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու հարցում՝ ընդգծելով այս գործընթացի կարևորությունը երկու հասարակությունների միջև կապերն ամրապնդելու գործում:
Պետքարտուղար Թայխմանը նախարար Մնացականյանին ներկայացրել է գերմանական կողմի մտադրությունը՝ Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու վերաբերյալ, ինչը ողջունվել է ՀՀ ԱԳ նախարարի կողմից։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փախստականների հարցերի և ապօրինի միգրացիոն հոսքերին առնչվող խնդիրների շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության և սահմանների կառավարման բարելավման, հետընդունման և վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։