Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի կնոջ' Ռաքել Դինքի, եղբայր Օրհան Դինքի և զավակների' Դելալ, Արաթ և Սերա Դինքերի ներկայացրած համատեղ դիմումը: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը, Սահմա նադրական դատարանի խորհուրդը իրականացրած խորհրդակցությունից հետո որոշում է կայացրել պահանջել անհրաժեշտ, բայց պակասող փաստաթղթերն ու տեղեկությունները: Սահմանադրական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի միայն այդ փաստաթղթերն ստանալուց հետո:

 

Դինքի ընտանիքը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան' նշելով, որ պատշաճ հետաքննություն չի արվել, իսկ տարվող գործի վերաբերյալ ընտանիքին համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Դիմումով բողոք էր ներկայացվել այն բանի համար, որ մի շարք աշխատակիցների հետ կապված հետաքննությունը ավարտին չի հասցվել: Բացի այդ, ընտանիքը պահանջել է վճարել 500 հազար թուրքական լիրա բարոյական փոխհատուցում:

 

Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին' «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ' «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման:

 

Դատարանը որոշել էր, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրանքները: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ. հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ: Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված կազմակերպության անդամներ են: