Ստամբուլի' ծանր հանցագործությունները քննող 5-րդ դատարանը որոշում է կայացրել չբեկանել Վերաքննիչ դատարանի' 2013 թվականի մայիսի 31-ին կայացրած որոշումը և ենթարկվել դրան: Դատարանի որոշմամբ Դինքի գործի կասկածյալները նորից կդատվեն «հանցագործություն իրականացնելու նպատակով ստեղծված խմբավորման անդամ լինելու մեջ»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» գործակալությունը:

 

Դատարանը վճռել է նաև «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով անչափահասների դատարանում քննվող Օգյուն Սամասթի դատական գործը միացնել Դինքի սպանության մայր գործին: Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դատարանից պահանջել է դատական մայր գործին միացնել նաև Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի այն ժամանակվա պետ Ալի Օզի գործի քննումը, սակայն դատավորը մերժել է փաստաբանի պահանջը:

 

Դինքի գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2015 թվականի հունվարի 23-ին:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ.հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման,սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելուհիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելունպատակով ստեղծված» խմբի անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ: