Թուրքիայում շարունակվում է Ստամբուլի «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ, այն ժամանակ Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար Ալի Օզի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է Դինքի սպանության կազմակերպման մասին տեղեկացված լինելու և այն չկանխելու, պարտականությունները լիարժեք չկատարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokarthaber.net-ը:

 

Տրապիզոնի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում քննվող նիստի ժամանակ կասկածյալը' Ալի Օզը, ներկա չի գտնվել: Դատական նիստին չեն մասնակցել նաև Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն և Ալի Օզի իրավաբան Ալի Սյուրմենը: Հերթական անգամ դատավարությունը հետաձգվել է մինչև Դինքի գործով Տրապիզոնի թիվ երկու հաշտարար դատարանի նախկին վճռի բողոքարկման շուրջ Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալը: Ալի Օզի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է ս.թ. սեպտեմբերի 11-ին:

 

Ավելի վաղ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել այն մասին, որ Ալի Օզի դատավարությունը պետք է անցկացվի ծանր հանցագործությունների դատարանում: Վճռաբեկ դատարանն այդ որոշումն ընդունել է այն բանից ելնելով, որ Ալի Օզը հանցագործությունից 6 ամիս առաջ տեղեկացված է եղել Դինքի սպանությունը կազմակերպվելու մասին, սակայն այն կանխելու ոչ մի միջոցառում չի ձեռնարկել:

 

Հանցագործությունից 6 տարի անց Ալի Օզի նկատմամբ Տրապիզոնի թիվ մեկ առաջին ատյանի և թիվ երկու հաշտարար դատարաններում բացված դատական գործերում վերջինս մեղավոր էր ճանաչվել «հանցագործության մասին իմանալու, բայց պատկան կառույցներին չտեղեկացնելու» համար և դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազարկման: Վճռաբեկ դատարանը նրան ծանր հանցագործությունների դատարանում կրկին դատելու իր այդ որոշումն ընդունել է Դինքի ընտանիքի փաստաբանների ներկայացրած բողոքարկման արդյունքում:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին, «Ակոս» թերթի խմբագրատան առջև: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու և ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանություն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատա կան վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետևում «ահաբեկչական զինված կազմակերպությունե կանգնած չէ»: