Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայազգի չորս կանանց վրա հարձակում գործելու և Մարիցա Քյուչուքին սպանելու մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի գործով տեղի է ունեցել հերթական դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokarthaber.net-ը:

 

Իր խոսքում Մուրադ Նազարյանը հերթական անգամ հայտնել է, որ իր կամքով չի մտել Քյուչուքի տուն: «Ես մտել եմ Քյուչուքի տուն, սակայն ոչ իմ կամքով: Ինձ ստիպել են այնտեղ մտնել: Ես պահանջում եմ, որ ինձ ազատ արձակեն»,- ասել է Նազարյանը' նշելով, սակայն, որ չի ճանաչում իրեն պարտադրած անձանց:

 

Մարիցա Քյուչուքի դուստրը' Պայծառ Քյուչուքը պահանջել է, որ անհապաղ բացահայտվեն այն անձինք, ովքեր Մուրադյանին ներքաշել են այդ պատմության մեջ: Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինն էլ ասել է, որ մեղադրյալն իր հետ առանձին զրույցում ահազանգել է, որ իրեն անվտանգ չի զգում բանտում:

 

Դատարանը վերջնական որոշում չի կայացրել, և նիստը հետաձգվել է մինչև 2014 թվականի նոյեմբերի 12-ը:

2012 թվականի տարեվերջին եւ 2013 թվականի հունվարին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկվել 4 տարեց հայ կանայք, որոնցից 84-ամյա Մարիցա Քյուչյուքը դաժանորեն սպանվել էր սեփական տանը: Ստամբուլի ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում բացահայտել հանցագործությունները: