Ստամբուլի ծանր քրեական հանցագործությունները քննող 2-րդ դատարանում տեղի է ունեցել Սամաթիա թաղամասում 2012 թվականին մի խումբ հայ տարեց կանանց վրա հարձակումների և նրանցից մեկի' Մարիցա Քյուչյուքի մահվան առնչությամբ հարուցված քրեական գործի 12-րդ դատական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Դատական նիստին ներկա են եղել դիտորդներ Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի Խտրականության և ռասիզիմի դեմ կոմիտեից և հայկական համայնքից: Հայտնի է դարձել, որ դատարանը դեռևս չի ստացել հանցագործություններ մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանից բացի մեկ այլ անձին պատկանող ԴՆԹ տվյալների անալիզի արդյունքները:

 

Խոսքի իրավունք ստացած Բայծառ Միդիլլին' սպանված Մարիցա Քյուչյուքի դուստրը, ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հիմնական կասկածյալ Նազարյանին սպառնացել են, որպեսզի նա չխոսի: Նույնը, ըստ Բայծառի, արվել է նաև Նազարյանի ընտանիքի անդամների և մտերիմների հետ: «Ես ցանկանում եմ, որ հետաքննվի, թե ով է սպառացել կասկածյալին և ինչու նա չի խոսում»,- ասել է Բայծառ Միդիլլին:

 

Մեղադրյալի աթոռին հայտնված Մուրադ Նազարյանն իր խոսքում նշել է, որ չի ճանաչում իրեն և բարեկամներին սպառնացած մարդկանց: «Քանի որ չեմ հանդիպում բարեկամներիս, չգիտեմ' նրանց սպառնացել են, թե ոչ: Նամակ եմ գրում, բայց պատասխան չեմ ստանում»,- ասել է Նազարյանը:

 

Դատարանը որոշում է կայացրել քննության կանչել Նազարյանի բարեկամներին և նրանցից ցուցմունք վերցնել: Դատական որոշմամբ' Նազարյանը շարունակելու է մնալ բանտում և սպասել հաջորդ նիստին, որը կկայանա 2015 թվականի ձետրվարի 17-ին:

 

Հանցագործը կամ հանցագործները չորս տարեց հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012 թ. դեկտեմբերի 27-ին' Թուրֆանդա Ա-ի նկատմամբ: Նրանք մտել են միայնակ կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան եւ տարել թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուին: Մեկ ամիս հետո' 2013 թ. հունվարի 22-ին ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն եւ նրան ծեծի ենթարկել: Փողոցում հարձակվել եւ փորձել են առեւանգել եւս մեկ տարեց հայ կնոջ: Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հացաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին եւ չի հիշում, որ նման սպանություն եւ հարձակումներ է կատարել: