Զինվորական ծառայությունը կատարելու ժամանակ Թուրքիայում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի դատական գործով նոր նիստ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, այս անգամ Այդընի 3-րդ ատյանի քրեական դատարանում քննվել է Բալըքչըի սպանության վկա Հալիլ Էքշիի դեմ սխալ վկայություն տալու հիմնավորմամբ հարուցված գործը:

 

Դատական նիստին ներկա են եղել Սևակ Բալըքչըի ընտանիքը, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներ և իրավաբաններ: Քանի որ նիստին ներկա չեն եղել մեղադրյալ Էքշիի վկաները' նրա մայրն ու եղբայրը, դատավորը որոշել է նիստը հետաձգել մինչև 2014 թվականի հունիսի 25-ը:

 

Նիստից հետո Սևակի մայրը' Անի Բալըքչըն, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ վկաները նիստին չէին ներկայացել անձնական գործերի պատճառով, նշել է. «Մեկ անգամ ևս կարող ենք հասկանալ, թե այդ օրը դեպքի վայրում ինչեր են տեղի ունեցել: Մենք կտրականապես չենք ընդունում այն, որ կատարվածը դժբախտ պատահար է եղել»:

 

Սևակ Շահին Բալըքչին թուրքական բանակում սպանվել է 2011 թ-ի ապրիլի 24-ին, երբ նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Զորամասի հրամանատարությունը սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն տեղի է ունեցել «ծառայակից ընկերոջ հետ կատակելու ժամանակ' պատահաբար արձակված գնդակից»: Սևակի ծնողները պնդում են, որ նրան սպանել են հայ լինելու համար: