Ադրբեջանում արգելվել է արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման (նուրսիստների) կողմից հովանավորվող բոլոր ուսումնական հաստատությունները: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մամուլի ծառայությանը:

 

Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմից վերահսկվող տասնյակ մանկապարտեզներից, 11 ուսումնարաններից, «Արազ» դասընթացներից մինչև «Կովկաս» համալսարանը փակելու մասին որոշումն SOCAR-ի հովանու տակ գտնվող «Ադրբեջանական միջազգային ուսումնական կենտրոնն» ընդունել է «լրացուցիչ ծախսերը վերացնելու և տվյալ նախագծի բարդությունը հաշվի առնելու» հիմնավորումներով:

 

2014 թվականի հունվարից Ադրբեջանի կառավարությունը լայն արշավ է սկսել նուրսիստ կրոնական աղանդավորների դեմ: Ադրբեջանական կառավարությունը նուրսիստների դեմ պայքարն սկսել է Թուրքիայի կառավարության խնդրանքով, որը գտնում է, որ «գյուլենականների» բոլոր գործողությունները, այդ թվում նրանց կողմից հովանավորվող ուսումնական հաստատությունները, ուղղված են թուրքական կառավարության դեմ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' անցած հունվարին Բաքու կատարած այցից անմիջապես հետո նուրսիստների հետ համագործակցության մեղադրանքով աշխատանքից հեռացվել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը, Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովը և այլ պաշտոնատար անձինք: