Թուրքիայի Էրզրումի նահանգապետարանը չեղյալ է համարել Ֆեթուլլահ Գյուլենի' 1990 թվականին ստացած «կանաչ» անձնագիրը, որը սովորաբար տրվում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին:

 

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նման որոշման պատճառն այն է, որ անձնագիրը ստացվել էր ոչ օրինական ճանապարհով, և դրանում առկա չէր Գյուլենի անձնական տվյալների մի մասը:

 

Թուրքական պարբերականը գրում է, որ անձնագիրն անվավեր ճանաչելու պատճառով Գյուլենն այլևս չի կարողանա որևէ տեղ ճանարահորդել, հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի նա ներկայանա Թուրքիայի գլխավոր հյուպատեսարան, ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը նոր անձնագիր ստանալու համար: Նշվում է, որ անձնագիրը հանգիստ ձևով տրամադրվում է բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի քաղաքացի են և ապօրինի վիճակում չեն:

 

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ» շարժման ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառ ավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: