Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրաժարվել է հանդիպել Անկարա այցելած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թեպետ Գերմանիայի արտգործնախարարի հետ հանդիպումը ներառված էր Յըլդըրըմի օրակարգում, սակայն վերջին պահին այն չեղյալ է համարվել՝ Թուրքիայի վարչապետի խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով:
Այցի շրջանակում Գաբրիելը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ քննարկելու գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալու հարցը: Հանդիպումը, սակայն, որևէ արդյունք չի տվել, քանի որ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս պահին այդ այցն անհնարին է:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:
Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:
Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»: