Համաշխարհային շուկաներում նավթի գների սրընթաց անկումը սկսել է ազդել ադրբեջանական էկոնոմիկայի վրա: Փորձագետները գտնում են, որ եթե գործընթացը զարգանա այդ հունով, եկող տարի Ադրբեջանի տնտեսությունն ավելի մեծ ցնցումներ կապրի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը' նշելով, որ նավթի ճգնաժամի պատճառով, Ադրբեջանում հարցականի տակ է նախա տեսված նախագծերի մեծ մասի իրագործումը, իսկ երկրի նավթագազային հատվածում արդեն զանգվածային կրճատումներ են սկսվել:
Բրիտանական «Գարդիան»-ին տված հարցազրույցում Ադրբեջանում նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության գործադիր տնօրեն Բոբ Դադլին նշել է, որ եկող տարի ընկերությունը հարկադիր կրճատումների վրա պետք է ծախսի 1 մլրդ դոլար: Նավթի գների կտրուկ անկման պատճառով կրճատումներ նախատեսվող երկրների շարքում Դադլին նշել է նաեւ Ադրբեջանը:
Ադրբեջանում զանգվածային կրճատումներ սպասվում է նաեւ կրթության համակարգում: Այդ մասին «Ենի Մուսավաթ»-ին տված հարզրույցում հայտարարել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը: Կրճատումների ենթակա ոլորտների շարքում նա նշել է նաեւ գիտական հատվածը:
Նավթի գների անկումը բերելու է Ադրբեջանում նավթային ընկերությունների եկամուտների եւ նրանց վճարումների կրճատման, ինչն էլ իր հերթին կբերի նավթային ոլորտում, ինչպես նաեւ մնացած բոլոր հատվածներում զանգվածային կրճատումների:
Նավթի գների անկումն Ադրբեջանի տնտեսության վրա ազդելու փաստը խոստովանել է նաեւ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նավթի գինը Ադրբեջանի 2015 թվականի բյուջեում հաշվարկված է մեկ բարելի դիմաց 90 դոլար: Համաշխարհային շուկաներում ներկայում նավթի գինն ընկել է մինչեւ 65 դոլար:
«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) որոշ ժամանակ առաջ արդեն սկսել է զանգվածային կրճատումներն իրեն ենթակա նավթագազային ձեռնարկություններում, եւ այդ գործընթացն, ըստ երեւույթին կշարունակվի», -գրում է թերթը