Պերուի հարավում մարդկանց տարհանում է իրականացվում Ուբինաս հրաբխի մերձակայքում, որի խառնարանից ուժգին ժայթքում է տեղի ունենում: Մոխրի եւ թունավոր գազերի ամպերը հասել են 4 կիլոմետր բարձրության, տեղեկացնում է BBC-ն:

 

Իշխանությունները հայտարարում են, որ անվտանգ շրջաններ բնակիչների տեղափոխման գործընթացը կտեւի երեք օր:

 

Ուբինասը ամենաակտիվ հրաբուխն է Պերուում: Դրա բարձրությունը կազմում է 5672 մետր:

 

2006 թվականին Ուբինասի ժայթքման պատճառով արդեն կատարվել է բնակչության զանգվածային տարհանում: Այն ժամանակ հաջողվեց խուսափել մարդկային զոհերից, բայց սատկեցին մեծ թվով ընտանի կենդանիներ:

 

Անցած շաբաթ Պերուի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններում: