Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի Ռիտերհուդե կոմունայի իշխանությունները, որտեղ քիմիական գործարաններից մեկում ուժգին պայթյուն է որոտացել, տարհանման են պատրաստում ավելի քան 14 հազար բնակիչների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Sky News հեռուստաալիքին: Բացի այդ, բնակիչներին խնդրել են մնալ տներում, փակել պատուհաններն ու դռները: Ինչպես նշում է հեռուստաալիքը, գործարանի մերձակայքում ապրող մարդկանց մեծամասնությունը պայթյունից հետո լքել են իրենց տները: Այժմ նրանց տեղաբաշխել են տեղական դպրոցների շենքերում:
Բրեմենից ոչ հեռու գտնվող Organo-Fluid քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան: Տեղի ոստիկանապետի խոսքով՝ պայթյունը լսվել է «տասնյակ կիլոմետրեր» շառավղով: Նա նաեւ հավելել է, որ գործարանի մերձակա տները լրջորեն վնասված են: Պատահարի վայրում աշխատում են շուրջ 300 հրշեջ եւ 60 ոստիկան: Հաղորդվում է, որ գործարանի տարածքում մի քանի կառույցներ այրվում են:
Ըստ վերջին տվյալների՝ պայթյունի հետեւանքով լրջորեն տուժել է երկու մարդ: Պայթյունից հետո կրակի սյունը հասել է մոտ 100 մետր բարձրության: Bild թերթի տվյալներով՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: