NASA-ն նոր աստղադիտակ կկառուցի․ այն կտեղակայվի Լուսնի հակառակ կողմում և կուսումնասիրի Մեծ պայթյունից հետո ձևավորված ռադիոալիքները
17 մարտի, 2023 10:25
NASA-ն և ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը քննարկում են Lուսնի հակառակ կողմում աստղադիտակի կառուցման նախագիծը: Այս աստղադիտակը կկարողանա ֆիքսել ռադիոալիքները, որոնք ձևավորվել են Մեծ պայթյունից ընդամենը 380,000 տարի անց, այսինքն՝ մեր տիեզերքի ձևավորումից գրեթե անմիջապես հետո, տեղեկացնում է The Register-ը:
Տիեզերքի ծագման ուսումնասիրությունը շատ դժվար է. տվյալներն այդքան էլ շատ չեն, և գիտնականները պետք է վարկածներ կառուցեն՝ աստղագիտական դիտարկումների ժամանակ ստացված տվյալների հատվածները միավորելով:
Մեծ պայթյունի տեսության մասին վկայող ամենաուժեղ ապացույցներից մեկը, որը նկարագրում է տիեզերքի առաջացումը և արագ ընդլայնումը 13,8 միլիարդ տարի առաջ, միկրոալիքային ֆոնային ճառագայթումն է: Մինչ առաջին աստղերի ձևավորումը, տիեզերքը գտնվում էր այսպես կոչված «մութ դարերի» փուլում, երբ ատոմները նոր էին սկսում ձևավորվել, իսկ ֆոտոններն սկսում էին ազատորեն շարժվել տիեզերքում, դրանով իսկ ձևավորելով միկրոալիքային ֆոնային ճառագայթումը։
NASA-ի և ԱՄՆ էներգետիկայի նախարարության LuSEE-Night (Lunar Surface Electromagnetics Experiment-Night) կոչվող նախագիծը նպատակ ունի հայտնաբերելու այս հնագույն ազդանշանը, որը ձևավորվել է Մեծ պայթյունից անմիջապես հետո:
Կառուցվելիք աստղադիտակը, որն այդ ազդանշանը պետք է փնտրի այլ ռադիոաղբյուրների աղմուկի և միջամտության պայմաններում, պետք է տեղադրվի մեկուսացված վայրում, օրինակ՝ Լուսնի հակառակ կողմում: Երկիրը և Լուսինը կապված են մակընթացային ցիլկով. Լուսինն իր առանցքի և Երկրի շուրջը պտտվում է նույն արագությամբ, այդ պատճառով էլ Երկրից միշտ երևում է դրա միայն մի կողմը: Մյուս կողմը պաշտպանված է ռադիոմիջամտության բազմաթիվ աղբյուրներից։
Լուսնի հեռավոր կողմը բարդ միջավայր է. LuSEE-Night աստղադիտակը պետք է արտադրի բավականաչափ հզորություն, որպեսզի կարողանա պահպանել գործունակությունը ծայրահեղ փոփոխությունների ենթարկվող ջերմաստիճանի պայմաններում (ցերեկը +100 °C -ից մինչև գիշերը –170 °C)։ Բացի դրանից, Լուսնի վրա կա նաև կա զգալի ճառագայթային ֆոն:
Լուսին կուղարկվի վայրէջքի ռոբոտային մոդուլ, որը կտեղակայի երեք մետրանոց չորս ալեհավաք, որոնց օգնությամբ աստղադիտակը կգրանցի տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը։ Ենթադրվում է, որ առաքելությունը կսկսվի 2025 թ․ Commercial Lunar Payload Services ծրագրի շրջանակում, որը նախատեսում է NASA-ի և մասնավոր ընկերությունների համագործակցություն։