Հայաստանում գյուղատնտեսական տարին 2014-ին բարենպաստ չէր ոլորտի զարգացման համար, սակայն գրանցվեցին դրական տեղաշարժեր: Ոլորտի ամենամեծ ձեռքբերումը դարձավ այն, որ տարվա ընթացքում զգալի ավելացավ հողային ռեսուրսների օգտագործման ծավալը, հետևաբար նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքը: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը' ներկայացնելով 2014-ի ձեռքբերումներն ու բացթողումները: Նա ընդգծեց, որ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2 տոկոս, այնինչ' նախորդ տարի այն 71 տոկոս էր:
«Գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ջանքերի և իրականացված մի շարք աջակցության ծրագրերի արդյունքում գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավելացմանը։ 2014 թվականի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 332.7 հազար հա, նախորդ տարվա համեմատ ավելանալով 14.6 հազար հեկտարով: Նաև նախադրյալներ են ստեղծվել առաջիկա տարիներին նշված միտումը շարունակելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:
Սերգո Կարապետյանը նշեց, որ 2014 թվականին աճել է գրեթե բոլոր մշակաբույսերի համախառն արտադրանքը, բացառությամբ պտղի, որը հետևանք էր աննախադեպ ցրտահարության պատճառած կորուստների: «Հատկապես զգալի էր ծիրանի բերքի նվազումը: Նախորդ տարվա 88․9 հազ տոննայի դիմաց այս տարի ստացվել է 14․9 հազ տոննա: Առավել մեծ աճ է ապահովվել հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսերի, մասնավորապես ցորենի արտադրության բնագավառում»,- ասաց նա:
Հացահատիկային և հատիկընդեղենային մշակաբույսերի բերքատվությունը, նախարարի խոսքով, ևս զգալիորեն բարելավվել է: «Ցորենի բերքատվությունն այս տարի կազմել է 32 ց/հա, նախորդ տարվա 31.3 ց/հա-ի դիմաց: Դրա հետ մեկտեղ բարձրացել է ցորենի ինքնաբավության մակարդակը: 2012թ. այն կազմում էր 32.9 տոկոս, 2013թ.' 46.8 տոկոս, իսկ այս տարի մենք կարողանում ենք բավարարել սպառման պահանջարկի 51 տոկոսը»,- ասաց Կարապետյանը' նշելով, որ այդ ցուցանիշները վկայում են հացահատիկային տնտեսության ինտենսիվ զարգացման մասին:
Չնայած դրան' գյուղատնտեսական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ առաջիկայում նախարարության խնդիրներից է լինելու գյուղատնտեսական մշակաբույսերի, հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմնաբուծության համակարգի զարգացումը, որի արդյունքում կբարձրանա նաև բարձրորակ սերմերով հանրապետության ապահովվածության մակարդակը: