Հայաստանում կենդանական ծագման մթերքների արտադրության համար ստեղծվել են հարմար նախադրյալներ, և անասնաբուծության ոլորտը զարգացման լաց ցուցանիշներ է գրանցում: Անցած ամիսներին անասնապահության համախառն արտադրանքը կազմել է 284 մլրդ դրամ, որը 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մ ասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

«Նոյեմբերի դրությամբ Հայաստանում արտադրվել է շուրջ 92 հազար տոննա միս, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 9 հազար տոննայով կամ 11.2 տոկոսով: Կաթի արտադրությունը կազմել է 646 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 39 հազար տոննայով կամ 6․4 տոկոսով, իսկ ձվի արտադրությունը կազմել է շուրջ 580 մլն հատ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 19 մլն-ով կամ 11 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարապետյանը:

 

Գյուղատնտեսության նախարարի խոսքով' զգալի առաջընթաց է նկատվում ոչխարաբուծության ոլորտում: «Ոչխարների արտա­հանումը լուրջ խթան է ոլորտի զարգացման համար, և այդ նպատակով նախարարությունը շարունակում է հետևողական աշխատանքները ոչխարների արտահանման ծավալներն ավելացնելու և ոչխարների մորթի համար նախատեսված ժամանակակից սպան­դանոցները շահագործելու ուղղությամբ: 2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 131 հազար գլուխ մանր եղջերավոր' 2013թ. նույն ժամանակահատվածի 107 հազար գլխի դիմաց»,- ասաց նախարարը:

 

Սերգո Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ աջակցություն է տրամադրվում անասնապահական ուղղվածություն ունեցող բարձրլեռնային և սահմանա­մերձ հա­մայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրար­­բիացման, դեգ­րադացված արոտների վերականգնման, ինչպես նաև կաթի ընդունման և վերա­մշակման կարողու­թյունների ստեղծման միջոցով։