Չնայած ՀՀ գործող իշխանությունների՝ Խաղաղության դարաշրջան բացելու օրակարգին, այդ նպատակին ուղղված բովանդակ ջանքերին՝ Ադրբեջանը կրկին դիմեց ռազմական սադրանքի։
Սա այն դեպքում, երբ, կարծես, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հետհաշվարկային տրամաբանության մեջ էինք, նախընթաց իրողությունները՝ բրյուսելյան հանդիպում, Վլադիվոստոկ, այդ ամենի նախադրյալներ էին ստեղծում։
Հարցին, թե ինչու՞ Ադրբեջանը նորից հարձակվեց Հայաստանի վրա, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց․
«Խաղաղության պայմանագրի կնքման համար նախադրյաներ չեն եղել, չկան ու չեն էլ լինի, խաղաղության պայմանագիրը հեշտ գործընթաց չէ, այն տևական ու բարդ պրոցես է»։
Իշխանական պատգամավորը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, թե, ըստ էության, խաղաղության օրակարգի առաջադրողն ու նախաձեռնողը Հայաստանն է.
«Այո, այդ օրակարգը, որպես կանոն, Հայաստանն է առաջ քաշել»։
Ինչ վերաբերում է ադրբեջանական վերջին ագրեսիայի առնչությամբ ԱԺ ՔՊ խմբակցության դիրքորոշմանը, Աղազարյանը նշեց, որ առայժմ տեղեկություն չունի՝ արդյո՞ք հրավիրվելու է արտահերթ հանդիպում, թե՝ ոչ։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կմասնակցի ԱԺ նիստին ու կպատասխանի պատգամավորների հարցերին։
Արա Ալոյան