Ռուսաստանում տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանն այս անգամ մոտ 10-15 օր կմնա հիվանդանոցում՝ պատշաճ բուժօգնություն ստանալու համար: Այս մասին դեկտեմբերի 24-ին «Արմենպրես»-ին տեղեկացրեց գործարարի ընկեր Մացակ Փոլադյանը: «Առաջին անգամ չէ, երբ բժիշկները խորհուրդ են տալիս նրան մնալ հիվանդանոցում և հիմնովին ստանալ բուժօգնություն: Դա ավելի օգտակար կլինի, քան շաբաթական երեք անգամ բուժում ստանալու համար հիվանդանոց այլությունները: Այս անգամ Հայրապետյանն ավելի երկար ստիպված կլինի մնալ հիվանդանոցում, և հարցին պետք է ավելի լուրջ վերաբերվել, քանի որ նրա մոտ մեկ հիվանդություն չէ, այլ մի ամբողջ խումբ», - նշեց Մացակ Փոլադյանը:
Դեկտեմբերի 23-ին կեսօրից հետո Ռուսաստանում տնային կալանքի տակ գնտվող Լևոն Հայրապետյանին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, տանից շտապ տեղափոխել են հիվանդանոց: Գործարարի ֆրանսաբնակ ընկերը Լևոն Հայրապետյանի վիճակի մասին պարբերաբար տեղեկանում է մտերիմներից հեռախոսակապի միջոցով և հավաստիացրեց, որ ներկա պահին նրա վիճակը կարելի է գնահատել բավարար:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Սիստեմա» ֆինանսաարդյունաբերական խմբին «Բաշնեֆտի» վաճառքի հետ առնչություն ունենալու մեջ: Նրան առաջադրվել են փողերի յուրացման և լվացման մեղադրանքներ: Դատարանն այս գործի շրջանակներում կալանք է դրել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի՝ 300 միլիոն ռուբլու փաթեթի վրա: «Բաշնեֆտի» վաճառքի հետ կապված քրեական գործի առավել բարձրաստիճան ֆիգուրանտը «Սիստեմա» ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովն է՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Երակարտև պայքարից հետո ռուսական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը' Հայրապետյանի խափանման միջոցը' կալանքը, փոխելու մասին եւ նշանակել է տնային կալանք: