Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը «քրդական խնդրի դեմոկրատական լուծման նպատակով» մտադիր է ներկայացուցչություն բացել իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ենի շաֆագ» թերթը' հղում կատարելով հետախուզության բնագավառի իր աղբյուրներին:

 

Թուրքական կողմի այդ տարօրինակ մտադրության վերաբերյալ իրաքյան Քրդստանից դեռեւս որեւէ արձագանք չի ստացվել: Դեռեւս չեն արձագանքել նաեւ թուրքաբնակ քրդերի քաղաքական շրջանակները:

 

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ հաղորդակցության նախկին նախարար Բինալի Յըլդըրըմն ավելի վաղ հայտարարել էր, որ անկախության համար թուրքաբնակ քրդերի 1984 թվականին սկսած ապստամբություններից հետո մինչ օրես «ահաբեկչության դեմ պայքարում» երկիրը 400 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել:

 

Անկախություն պահանջող Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ Թուրքիայի միջեւ զինված հակամարտությունը շարունակվում է 25 տարուց ավելի եւ արդեն 40 հազար մարդու կյանք է խլել: Թուրքիայում քրդական խնդրի դեմոկրատական լուծման գործընթացն սկսվել է 2009 թվականին: Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի ներկայացուցիչները խնդրի լուծման շուրջ բանակցություններ են անցկացնում Իմրալի բանտում ցմահ բանտարկության մեջ գտնվող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Շուրջ 5 տարի տեւած այդ բանակցությունները դեռեւս որեւէ արդյունք չեն տվել< /i>: