Կաննում Չունցին քաղաքի կուսկոմի նախկին քարտուղար Բո Սիլայի առանձնատունը, որը 2013 թվականի սեպտեմբերին ցմահ բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, գնահատվել Է 6,95 միլիոն եվրո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Հուանցյո շիբաո» թերթին, տունը՝ 4 հազար քառակուսի մետր հողամասով, արդեն վաճառքի Է հանվել:

 

Դատապարտված չինացի քաղաքական գործչի անշարժ գույքի վաճառքով զբաղվում Է Մեծ Բրիտանիայի Fine & Country ռիելտորական ընկերությունը: Թե ով Է հանդես գալիս որպես ուղղակի պատվիրատու, թերթը չի նշում: 400 քառակուսի մետր մակերեսով տանը հանգստի հինգ ընդարձակ սենյակներ են, հյուրասենյակը, մի քանի լոգասենյակներ եւ մեծ լողավազանը: Առանձնատան տարածքում կա նաեւ բաց լողավազան եւ ավտոմոբիլների կայանատեղի:

 

Բո Սիլայը՝ կուսակցության վետարան Բո Իբոյի որդին, զբաղեցրել Է Դալյանի քաղաքագլխի, Լյաոնինի նահանգապետի, ՉԺՀ-ի առեւտրի նախարարի պաշտոնները: 20,44 միլիոն յուանի (3,3 միլիոն դոլարի) չափով կաշառքների ստացման մեղադրանքները խաչ են դրել նրա քաղաքական կարիերայի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: