Ցավն այն է, որ Զարեհ Սինանյանը չի ունեցել միջազգային հարաբերությունների գործունեության որևէ փորձ և դրա հետևանքով պարբերաբար սխալներ է թույլ տալիս: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց պատմաբան և դիվանագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, թե աճող, հզոր պետությունները երբեք միատար չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին իրենց մեջ ուծացնելու հաշվին, և, որ նման կերպ են առաջնորդվել նաև հայ թագավորները:

«Իր ողջ փորձը ամերիկյան փոքր քաղաքներում տնտեսական կառավարման փորձ է եղել: Երբ դու միջազգային հարաբերությունների մեջ ես լինում, դու աստիճանաբար վարժվում ես, և մտքերդ պետք է ճիշտ ձևակերպես: Վերջին երկու հարցազրույցներին Սինանյանն այնպիսի ձևակերպումներ արեց, որոնք երկիմաստ էին, և կարող էին հասարակության տարբեր խմբերի համար ոչ ընդունելի լինել, մինչև իսկ՝ վիրավորական: Եթե խոսքը վերաբերում է այն բանին, որ թող գան օտարազգի ներկայացուցիչներ, ու մենք իրենց այստեղ կուծացնենք, ապա անընդունելի ձևակերպում է»,- ասաց Պապյանը:

Քաղաքագետը կարծում է՝ Սինանյանի հայտարությունը չի չեզոքացնի Հայաստան-Ճապոնիա շփման թույլ օղակը, պարզապես նման արտահայտությունները տհաճ նստվածք են թողնում:

«Ինչ վերաբերում է ճապոնացիների ծագումնաբանությանը ասեմ, որ դա բարդ, գիտական հարց է և բնավ կարիք չկա, որ նման պաշտոնյան մտնի այդ դաշտ: Այստեղ խնդիրն այն է, որ սփյուռքի հանձնակատարը պիտի հստակ ուղենիշներ ու քաղաքականություն իրականացնի: Մենք տեսնում ենք՝ բավականին վիճելի հայտարարություններ և նաև գործունեություններ, հաճախ՝ ոչ թափանցիկ: Օրինակ, «իԳործ» ծրագրի համար, որը սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում, մեր պետությունը ահագին գումար է ծախսելու և պիտի իմանանք՝  ովքեր են գալիս, ինչպիսի մասնագիտական հմտություններ ունեն նրանք և, եթե Հայաստանի հարկատուն միլիոնավոր դրամների ծախս պիտի անի ծրագիրը իրականացնելու համար, մենք ինչ իմանանք՝ արդյունքը ինչպիսին է լինելու. դրանք պետք է լինեն հստակ և թափանցիկ գործընթացներ»,- մտահոգված է քաղաքագետը:

Հարցին, թե Սինանյանը իր արած արտահայտություններով արդյո՞ք նկատի ուներ, որ մեր պետական քաղաքականությունը հզորացնելու համար եզդիների ազգային մշակույթը վերանալու է, Պապյանը պատասխանեց. «Ոչ, պարզապես որպես անփորձ քաղաքական գործիչ է, երևույթներին մոտենում է միայն մի կողմից և չի կարողնում ըմբռնել իր խոսքերի բազմազան դրսևորումները և հասցեատերերին»:

Ներողություն խնդրելու առումով՝ Պապյանը նշեց՝ Սինանյանը կարող է ասել, որ խոսքը եզդիների մասին չէր. «Այստեղ վարկաբեկվում է Հայաստանի քաղաքականությունը, որովհետև եզդիներից ավելի փոքրաթիվ այլազգի ներկայացուցիչներ կան, և դրանով հանդերձ մենք ունենք ընտրական օրենսգրքի մեջ ամրագրված կետեր»:

Անելով ուծացման մասին հայտարարություն՝ պետք էր մտածել, որ դա իրականությանը չի համապատասխանում: Հայաստանում մենք երբևէ նման քաղաքականություն չենք իրականացրել և չենք իրականացնում, և անհիմն հղում կատարելով Տիգրան Մեծին՝ վիրավորական է, որովհետև այն, ինչ եղել է 2000 տարի առաջ և հիմա, տարբեր բաներ են, հատկապես, որ չգիտենք, թե իրականում ինչ է եղել այն ժամանակ, ունենք սահմանափակ տեղեկություններ, որոնք հաղորդվել են ժամանակի աղբյուրներից»,- եզրափակեց քաղաքագետը: