Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ընդգրկուն է համարում հայ-իրանական օրակարգը՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Արա Այվազյանը նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում:
«Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»,- ասել է Այվազյանը:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Նրա խոսքով՝ հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը: Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է, և, բնականաբար, մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը: Անշուշտ մեր քննարկումներում մեծ տեղ է հատկացվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին, և դրանց շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ենք նաև օրվա ընթացքում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: