Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն:

 

Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թի ան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

 

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է.

 

«Ձերդ Գերազանցություն,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի' Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Ձեր ղեկավարության ներքո Չինաստանը մեծ հաջողություններ է արձանագրել հասարակական-քաղաքական և տնտեսական առաջընթացի գործում, ինչպես նաև Ձեր երկրի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Չինաստանի վերելքը կշարունակվի նաև ապագայում:

 

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացմանը, փոխշահավետ համագործակցության հետագա ծավալմանը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում:

 

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ՝ փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը կշարունակի հարաճուն զարգացում ապրել տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

 

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»: