Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' մարտի 26-ին, այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահն այնուհետև Ժո ղովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ:
Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի և լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Նա կարևորել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում Նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները, որոնք, Ճանգ Դըծյանի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակ արդակի:
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացման և հայ-չինական կապերի առավել սերտացման գործում Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը. երկու երկրների խորհրդարանները, ըստ նրա, օրենսդրորեն ամրապնդելով նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները, զգալիորեն կնպաստեն քաղաքական երկխոսության զարգացմանը: Ճանգ Դըծյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի ազգային ժողովի հետ ձևավորված փոխգործակցության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնորդություններից մեկը և մեծ նշանակություն է տալիս աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող ու միջազգային հանրության ազդեցիկ անդամ Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, անցած տարիների ընթացքում միջազգային կառույցների շրջանակներում հաջող համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունն ամրապնդել են հայ-չինական բարեկամությունն ու վստահությունը: Հանդիպմանը կարևորվել է նաև տարեցտարի զարգացող միջկուսակցական համագործակցությունը:
ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող Կայսերական ամառային պալատում, որտեղ լավագույնս արտացոլված է չինական հարուստ մշակույթն իր բազմազանությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' մարտի 26-ին, Պեկինում հանդիպում կունենա նաև ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ: