ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր' հունիսի 3-ին, ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած գործարարների պատվիրակությանը՝ Աբու Դաբիի Առևտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Թանի Մորշեդ ալ Ռումայթիի գլխավորությամբ: Փոխվարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան' ընդգծելով, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացումը դիտում է որպես համագործակցության կարևոր ուղղություն և մեծ նշանակություն է տալիս երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանը: «Երկու երկրների միջև առևտրի ոլորտում արդեն բավականաչափ փորձ և ձեռքբերումներ են առկա, կարևորում ենք նաև տնտեսական և ներդրումային ոլորտներում փոխգործակցությունը, որի զարգացման համար, կարծում ենք, մեծ ներուժ կա»,- ընդգծել է փոխվարչապետը՝ նկատելով, որ երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը իրենց գործունեությամբ նպաստում են հենց գործարարները, և գոհունակություն է հայտնել, որ պատվիրակության կազմում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր ընկերությունների ղեկավարներ:

 

Փոխվարչապետը ողջունել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության կարևոր դերն առևտրատնտեսական կապերի զարգացման գործում:

 

Արմեն Գևորգյանը ներկայացրել է տնտեսության այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել երկկողմ համագործակցության համար, մասնավորապես նշելով գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, շինարարության և շինանյութերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, էներգետիկայի, քիմիական արդյունաբերության ոլորտները:

 

Նա ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

 

ԱՄԷ պատվիրակության ղեկավարը փոխանցել է ԱՄԷ կառավարության բարեմաղթանքները և նշել, որ Հայաստանում են ԱՄԷ փոխվարչապետի ու արտաքին գործերի նախարարի հանձնարարականով և նպատակ ունեն ծանոթանալու ներդրումային հնարավորություններին, բացահայտել գործակցության ուղղությունները: «Որպես մասնավոր հատվածի ընկերություններ՝ մենք բավականին լուրջ ենք տրամադրված Հայաստանի մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցում»,- ընդգծել է նա:

 

Պատվիրակության ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև շարունակական համագործակցության համար լավ հիմք կապահովի նաև այսօր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Աբու Դաբիի Առևտրի պալատի միջև ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրը: