Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովմանը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներում ՀՀ ներգրավվածության ու դիրքերի ամրապնդմանը:

 

Կառավարության 2014-2017 թվականների ծրագրով, որը պետք է հաստատվի մայիսի 19-ին նշանակված գործադիրի նիստում և ներկայացված է egov.am կայքում, արտաքին քաղաքականության ոլորտում կարևորվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ամրապնդումը, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

 

Կառավարության առաջնայնությունների թվում է նաև անմիջական հարևանների' Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների առավել զարգացումը, հայ-թուրքական հարաբերությունների' առանց նախապայմանների կարգավորումը, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության զարգացումը, Կանադայի, Հարավային Ամերիկայի երկրների, Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության զարգացումը:

 

Գործադիրի ծրագրով նախատեսվում է ապահովել Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցությունը, ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացումը, Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ Արևլյան գործընկերության շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության խորքային բնույթ արտահայտող իրավական նոր շրջանակի ձևավորումը:

 

Նախատեսվում է նաև ԱՊՀ անդամ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացում, և ԱՊՀ շրջանակներում ընթացող գործընթացներին ակտիվ մասնակցություն, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածություն և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանություն, ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակում, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացում, միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցերի հետ հարաբերությունների զարգացումը:

 

Կառավարության նոր ծրագիրը մշակվել է' հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված' նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: