Չինաստանի էներգահաշվեկշռում էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների բաժինն ընթացիկ տարում ավելացել է մինչեւ 11,1 տոկոս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

 

Ինչպես հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր էներգետիկայի պետական կոմիտեի ղեկավարը, այս տարի քարածխի բաժինը կրճատվել է մինչեւ 64,2 տոկոս (անցյալ տարի կազմում էր 65,7 տոկոս): Նրա խոսքով՝ երկրի հիդրոէներգետիկային բաժին է ընկել 300 գիգավատ էլեկտրաէներգիա, հողմային էլեկտրակայաններին՝ 90 գիգավատ, արեւային էներգետիկային՝ 30 գիգավատ:

 

Էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների օգտագործման ոլորտում նախագծերի զարգացման ծրագրի համաձայն, որն ընդունել է Չինաստանի կառավարությունը, մինչեւ 2020 թվականը երկրի էներգահաշվեկշռում դրանց բաժինը պետք է կազմի 15 տոկոս:

 

ՉԺՀ-ի կառավարությունը հարկադրված էր նման միջոցների դիմել մի շարք տարածաշրջաններում բնապահպանական իրադրությունը բարելավելու համար. քարածխով աշխատող ջերմային էլեկտրակայանների արտանետումները բացասական ազդեցություն են գործում մթնոլորտի վրա եւ հանգեցնում են ծխամշուշի առաջացման: Ուստի Չինաստանի էներգահաշվեկշռում վառելիքի այդ տեսակը պլանաչափ կերպով կրճատվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: