Ռուսաստանի կառավարությունը հավանություն Է տվել Հայաստանի ատոմային Էլեկտրակայանի աշխատանքի ժամկետը երկարացնելու համար հանրապետությանը 270 մլն դոլարի վարկ տրամադրելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետը:

 

Ռուսաստանը եւ Հայաստանը ավելի վաղ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ Էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու հարցում համագործակցելու վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի այն վարկի հաշվին, որը ՌԴ-ն տրամադրելու է Հայաստանին:

 

«Կարգադրության նախագիծը նախատեսում Է Հայաստանին մինչեւ 15 տարի ժամկետով մինչեւ 270 մլն դոլար գումարի պետական արտահանական վարկի տրամադրում Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմային Էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների ֆինանսավորման համար»,-ասված Է նախարարների կաբինետի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

 

Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ Էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում Է 2016 թվականի սեպտեմբերին: Դեկտեմբերի 20-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում Է անցկացնել դրա շահագործման երկարացման աշխատանքներ:

 

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներին օգնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք Էր բերվել տակավին 2013 թվականին: Այդ պայմանավորվածության իրագործման շրջանակներում Ռոսատոմի մասնագետներն արդեն կատարել են Էներգաբլոկի նախնական զննում եւ կազմել հետագա գործողությունների պլան: