Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի ձախողման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված նոտայում, որը հոկտեմբերի 22-ին ստորագրել է ՌԴ առևտրաարդյունաբերության փոխնախարար Օլեգ Ռյազանցևը, ասվում է, որ ORSIS ընկերության հայտը՝ մասնակցելու մրցույթին «առանց հիմնավորման մերժվել է», իսկ ընկերությունն «առանց պատճառի ներառվել է ՀՀ զինված ուժերի անբարեխիղճ մատակարարների» ցուցակում:
Փաստաթղթում կոչ է արվում ՀՀ պաշտպանության նախարարին քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի Քննչական կոմիտեն օգոստոսի 26-ին տեղեկացրել էր սպառազինում ձեռք բերելու մրցույթի խափանման պատճառով քրեական գործ հարուցելու մասին: ORSIS ընկերության («Պրոմտեխնոլոգիա» խմբի մի մասը, որը տարիներ շարունակ զենք է մատակարարել Հայաստանին) ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ իրենց մասնակցության հայտը մրցույթին մերժվել է գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ փաստարկների հիման վրա: Տվյալ հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» մասին հոդվածով: