ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Փաստինֆոե-ին տեղեկացրեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է բողոքի նոտա հղել մարդու իրավունքներով զբաղվող եւ օմբուդսմենների միջազգային կառույցներին' ԱԺ-ում երեկ ընթացող համաեվրոպական խորհրդաժողովին Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիույի ելույթի կապակցությամբ:

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ ՀՀ ՄԻՊ-ը դատապարտելի է համարում նման պահվածքը եւ գտնում է, որ Մոլդովայի օմբուդսմենի ելույթը օմբուդսմենների ինստիտուտին հարիր չէր եւ վարկաբեկում էր այդ ինստիտուտը:

Հիշեցնենք, որ Մոլդովայի օմբուդսմենը, ԱԺ-ում իր զեկույցի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, մեր երկիրն անվանել էր «ագրեսոր», ապա հայտարարել, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», ինչպես նաեւ, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչը միջազգայնորեն ճանաչված փաստ է»։

Հայաստանի խորհրդարանում մոլդովացի փաստաբանի ելույթին խորհրդաժողովի որոշ պատվիրակներ ծափահարել էին, ոմանք’ քննադատել: Իսկ նիստը նախագահող Դավիթ Հարությունյանը Մոլդովայի խորհրդարանի փաստաբանին իրավունք չէր տվել արձագանքել իր հասցեին հնչած դիտողություններին՝ նշելով, որ այս հարցի քննարկման շարունակությունը երկար երկխոսության կվերածվի, ինչը, կարծես թե, իրակականում է, բայց արդեն նիստից դուրս։

Հեղինակ:
«Փաստինֆո»