Արցախի նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի դեսպանին ու բողոքի նոտա հանձնել նրան Բակո Սահակյանի այցը թույլ տալու համար։ Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի պաշտոնակատարը։

Իրենց այս քայլն ադրբեջանական կողմից մեկնաբանել են, թե իբր Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, պետք է թույլ չտար «օկուպացիոն ռեժիմի» ներկայացուցչին այցելել ու հանդիպումներ ունենալ Ֆրանսիայում, քանի որ դա խրախուսում է «ադրբեջանական տարածքում» գործող իշխանություններին։

 

Խնդիրն այն է, որ ադրբեջանցիները մոլորության մեջ են և կարծում են, որ Արցախի իշխանությունները գործում են ադրբեջանական տարածքում։ Հենց այդ տարածք են ադրբեջանցիները համարում օկուպացված, մինչդեռ հայկական կողմը իրականում ազատագրել է սեփական բնակության տարածքը։

Ավելացնենք, որ Բակո Սահակյանը Ֆրանսիայից մեկնել է ԱՄՆ։ Նույն տրամաբանությամբ՝ Ադրբեջանը բողոքի նոտա պետք է հղի նաև պաշտոնական Վաշինգտոնին։