Ապրիլի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտ է հղել երկրում Իրանի դեսպանատանը: Նույն օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմին պատասխան նոտա է տրվել։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Շեշտելով, որ ադրբեջանական լրատվամիջոցների մասին հիշատակումը իրանական կողմի նոտայում օբյեկտիվություն չի արտահայտում, իրանական կողմին ներկայացվել է պատասխան գրություն, ինչպես նաև իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ հրապարակված մի շարք հոդվածների ցանկ։
Մեր երկրում Իրանի դեսպանին ասվել է, որ Ադրբեջանի Հանրապետության, նրա պետական և կառավարական գործիչների մասին վիրավորական, կեղծ, զրպարտչական և կողմնակալ տեղեկատվությունը, ինչպես նաև Իրանի հայտնի հասարակական և քաղաքական գործիչների կեղծ հայտարարություններն ու ելույթները վնասում են մեր երկրների հարաբերություններին և թյուրիմացության պատճառ են դառնում։
Բացի այդ, նշվել է, որ մեր երկրների միջև հարաբերությունների ընթացքում ծագած թյուրըմբռնումները միշտ էլ պայմանավորված են իրանական կողմի միակողմանի գործողություններով, և ադրբեջանական կողմի բարեխիղճ քայլերը պատշաճ արձագանք չեն գտնում Իրանի կողմից:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ կեղծ և կողմնակալ տեղեկության տարածումը կանխելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Հաջիզադեն։