ԱՄՆ պատկան մարմինների կողմից քննադատող խիստ հայտարարություններից հետո պաշտոնական Անկարան փորձում է հանդես գալ զոհի դերում՝ կապված Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրած բռնության միջադեպի հետ: Այս համատեքստում Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ գրավոր ու բանավոր կերպով թուրքական կողմն իր բողոքն է հայտնել՝ կապված վերոնշյալ միջադեպի հետ: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից դեսպանին ասել են, թե Վաշինգտոնում նախագահ Էրդողանի գտնվելու ժամանակ անվտանգության հետ կապված խնդիրներն ի հայտ են եկել նախազգուշական անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու ԱՄՆ անկարողությունից:
Պաշտոնական Անկարան դատապարտել է նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի թիկնազորի դեմ ԱՄՆ անվտանգության աշխատակիցների գործողությունները ՝ պահանջելով ԱՄՆ պատկան մարմիններից «հետաքննել միջադեպն ու անհրաժեշտ բացատրություն տալ իրենց»:
Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:
Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի:
Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, պետքարտուղար Թիլերսոնը՝ անընդունելի համարելով թուրքական հաշվեհարդարը Վաշինգտոնի կենտրոնում, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ: