Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը հրահանգել է նոտա հղել Անկարային' Թուրքիայում գտնվող իսրայելցի' դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական CNNTurk հեռուստաալիքը, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Յիգալ Պալմորը: Նրա խոսքով' դա պայմանավորված է Գազայի իրադարձությունների հետ կապված Թուրքիայում Իսրայելի դեմ անցկացվող զանգվածային ցույցերով, որոնց մասնակիցները հարձակումներ են գործում Թուրքիայի տարբեր քաղաքներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:

 

Պալմորը նշել է, որ Իսրայելը որոշել է նաեւ զգալիորեն նվազեցնել Թուրքիայում գտնվող իր դիվանագիտական անձնակազմի թիվը:

 

Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ Լիբերմանը Թուրքիայում գտնվող դիվանագետներին կարգադրել է իրենց ընտանիքներին վերադարձնել հայրենիք: