Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրած թուրք աշակերտ Մ. Է. Ա.-ն, ով նախօրեին ձերբակալվել էր, ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է լռեցնել և պատժել բոլոր այն անձանց, ովքեր համարձակվում են իր հասցեին որևէ քննադատական խոսք հնչեցնել: Էրդողանի կամքով' Քոնիայում ոստիկանները դպրոց գնալու ճանապարհին ձերբակալել էին 16-ամյա աշակերտի: Մ. Է. Ա.-ն մեղադրվում էր Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեջ:

 

Անչափահասը տարվել էր Քոնիայի Առաջին ատյանի քրեական դատարան: Հաղորդվում է, որ ավելի վաղ Քոնիայում տեղի ունեցած ցույցերից մեկի ժամանակ աշակերտը հայտարարել էր. «Որպես ժողովրդական աշակերտներ' հայտարարում ենք, որ թալանի, կա շառակերության, գողության գլուխ հանդիսացող Էրդողանին տեսնում ենք որպես ոչ թե մեր նախագահ, այլ ապօրինի պալատի գող տեր»:

 

Եթե Մ. Է. Ա.-ի դեմ հարուցվեր քրեական գործ, ապա համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի' 16-ամյա աշակերտը նախագահին վիրավորելու համար կարող էր դատապարտվել 1-4 տարի ազատազրկման: Այս որոշումը լուրջ դժգոհություն էր առաջացրել երկրում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները Քադըքյոյում բողոքի ակցիա են արել' պահանջելով ազատ արձակել Մ. Է. Ա.-ին: