Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։ «Հայաստանի կոմունիստական կուսակցության նոյեմբերի 29-ին գումարված հերթական համագումարը ըստ արժանավույն գնահատեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քայլը, քանի որ ԵՏՄ-ին միանալով մենք նախևառաջ վերականգնում ենք մեր հին կապերը և լավ հնարավորություններ ենք ստեղծում նոր կապերի հաստատման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ դեկտեմբերի 26-ին կայացած հանդիպմանը հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը և հավելեց, որ ինքը համոզված է, որ ԵՏՄ-ի եղբայրական ընտանիքում մեր հանրապետությունը ծաղկելու է։

 

Բանախոսը նշեց, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն կարող «կոտրել» Ռուսաստանին։ «Երբ Խորհրդային Միությունը դեռ նոր էր ստեղծվում Ռուսաստանը հետամնաց ագրարային տնտեսությամբ երկիր էր, սակայն իր հսկայական ներուժի շնորհիվ կարողացավ ոտքի կանգնել, ու ես չեմ կասկածում, որ հիմա էլ դա կարող է անել»,-ընդգծեց Տաճատ Սարգսյանը և հավելեց, որ ինքը վստահ է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը վերադարձնելու է Խորհրդային Հայաստանի բարեկեցիկ կյանքը և Հայաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ կրկին լինելու է առաջատարների շարքում:

 

2014թ. դեկտեմբերի 23­ին կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որում հայտարարվեց ԵՏՄ­ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: 2014թ. հոկտեմբերի 10­ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1­ից: Հաջորդ իսկ օրը Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ: