Արդեն վեցերորդ տարին ԴԱՀԿ ծառայությունը ամանորյա միջոցառում է կազմակերպում երեխաների համար, որոնց ալիմենտի բռնագրավման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է ծառայությունը: Այս մասին դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

 

Գլխավոր հարկադիր կատարողը կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումն այն առունով, որ միջոցառման շնորհիվ երեխաներն ավելի են մտերմանում ծառայության աշխատակիցների հետ:

 

«Երեխաներ, տեսնում եմ, որ բոլորդ մեծացել եք: Մաղթում եմ ձեզ, որ դուք առողջ լինեք, երջանիկ, միշտ ժպտաք, որպեսզի ձեր մայրերն ու հայրերը ձեզ միայն ժպիտ պարգևեն», - շնորհավորելով գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ նշեց գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

 

Միջոցառմանը ներկա էր 7-ամյա Հովհաննիսյան Ջուլիան' իր փոքրիկ ողբոր՝ Հայկի հետ, ով այս տարի Ձմեռ պապից խնդրել է «բժշկի խաղալիք», «Մոնոպոլիա» և գիրք: «Այս տարին ավարտել եմ որպես գերազանցիկ և ցանկանում եմ դառնալ բժիշկ, որպեսզի բուժեմ տատիկիս և բոլոր մարդկանց», - ասաց Ջուլիան:

ԴԱՀԿ-ի 2014թ. վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1444 կատարողական վարույթի, որից 1305-ն՝ ալիմենտի բռնագրավման (դրանից մարզային բաժիններում' 793), բռնագրավված գումարը կազմել է 487 մլն 762 հազ. 811 դրամ: Ընդհանուր առմամբ, հարկադիր կատարման ծառայությունն աշխատանք է տանում շուրջ 2486 երեխաների հետ: