Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվում ամբողջ Հայաստանի տարածքով: Տոնին ընդառաջ' մայիսի 31-ին, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց ավանդույթ դարձած միջոցառում, որին մասնակցեցին 3-12 տարեկան այն երեխաները, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է ծառայությունը: Երեխաների համար կազմակերպվեց տոնական շոու ծրագիր' ծաղրածուի և հեքիաթների հերոսների մասնակցությամբ, ովքեր երեխաների օրը վերածեցին տոնի: Երեխաները հնարավորություն ստացան նաև իրենց նկարազարդումներով զարդարել ԴԱՀԿ շենքի բակը:

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորեց երեխաներին տոնի կապակցությամբ: «Առաջին տարին չէ, որ մենք կազմակերպում ենք նման միջոցառումներ: Մենք գործ ունենք ավելի քան 2500 երեխաների հետ: Ցավոք, վերջին տարիներին ավելանում է երեխաների թիվը: Մոտ 5-6 տարի առաջ աշխատում էինք 1700 երեխաների հետ: Սա ծառայության ամենանուրբ կետերից մեկն է, որովհետև մենք գործ ունենք երեխաների հետ: Հարկադիր կատարողն առաջին հերթին պետք է լինի հոգեբան: Մենք մեր նոր աշխատակիցների ուշադրությունն ենք սևեռում հենց դրա վրա»,- լրագրողների հետ զրույցում նշեց Միհրան Պողոսյանը:

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդգծեց, որ միջոցառմանը մասնակցում է մոտ 200 երեխա, որոնց օրն իրենք փորձում են դարձնել ավելի լավը:

 

Մանկավարժ Սուսաննա Բեյբությանը միջոցառմանն է եկել իր փոքրիկ թոռնիկի'7-ամյա Վրեժի հետ: «Շնորհավորում եմ բոլոր երեխաներին, ցանկանում եմ, որ մենք ունենանք ամուր պետություն, որի հիմքն է հենց ընտանիքը: Թող այսպիսի հաստատությունները, որոնք թիկունք են կանգնում այսպիսի երախաներին, ավելի շատ լինեն, որպեսզի երեխաներն էլ հասկանան, որ պարտք ու պատիվ ունեն հայրենիքի և նրանց հանդեպ, ովքեր միշտ հոգատար են եղել: Ցանկանում եմ խաղաղություն մեր երկրին և առողջություն բոլոր մանուկներին»,-նշեց Սուսաննա Բեյբությանը: Մանկավարժի թոռնիկին'փոքրիկ Վրեժին ևս շատ էր դուր եկել միջոցառումը:

 

Երեխաները նաև նվերներ ստացան գրքերի, նկարչական պարագաների և խաղալիքների տեսքով: