Ավանդույթի համաձայն՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը հերթական անգամ մեծ շուքով և հանդիսավորությամբ է տոնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխության» ծրագրի շրջանակներում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը անձամբ ներկա է գտնվել միջացառմանը և իր ջերմ շնորհավորանքները հղել մանուկներին:
«Հարգելի ներկաներ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել փոքրիներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ նրանց անհոգ մանկություն, անհոգ ապագա: Ցանկացած մարդ, ով տեսնում է մեր փոքրիկների անմեղ, քնքուշ ժպիտները և աչքերի փայլը, պետք է ձգտի նրանց համար անհոգ մանկություն ապահովել: Մենք ամեն տարի Միջազգային օլիմպիական կոմիտեի «Օլիմպիական համերաշխության» ծրագրի շրջանակում կազմակերպում ենք այս միջոցառումը, որի կարգախոսն է՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք»: Հենց այս երեխաների մեջ են մեր ապագա չեմպիոնները: Նրանք պետք է կարողանան մեր երկրի դրոշը բարձրացնել, հիմնը հնչեցնել և հաղթանակի բերկրանքը պարգևել մեզ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր փոքրիկների տոնը: Թող Աստված պահապան լինի մեզ, ձեզ և մեր փոքրիկներին»,- ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ավանդական միջոցառմանը մասնակցում էին Երևանի 12 վարչական շրջանների, Աշտարակի, Օշականի, Մասիսի, Քասախի, Աբովյանի, Գառնիի և Նոր Հաճնի նախադպրոցական 24 հաստատությունների 192 սաներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվութկան բաժինը: