Ծանրամարտի Հայաստանի հավաքականները վերադարձան Երևան:
Չնայած ուշ ժամին՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Մարզասերները եկել էին դիմավորելու հայ ծանրորդներին, ովքեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց փայլուն ելույթներով հիացրել էին բոլորին:
Ծանրամարտի Եվրոպայի լավագույն թիմին դիմավորելու էր եկել անձամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան է, երրորդում' Ուկրաինան: Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, իսկ տղամարդկանց հավաքականը երկրորդն էր: