Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում մայիսի 31-ին կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած միջոցառում: Մասնակիցները 5-12 տարեկան այն երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը: Միջոցառմանը հրավիրված հեքիաթի հերոսներն ուրախացրին և ծառայության կողմից անակնկալներ մատուցեցին երեխաներին' նվիրելով գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաև պաղպաղակ հյուրասիրեցին օրվա հերոսներին: Միջոցառմանը հրավիրված էին 120 երեխաներ Հայաստանի մարզերից ու Երևանից:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Սամվել Եգանյանը շնորհավորեց երեխաներին տոնի առթիվ և նշեց, որ երեխաները, ովքեր առնչություն ունեն ծառայության հետ, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ երկրի ապագան հենց նրանց ձեռքերում է: "Ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է, որ նրանցից յուրաքանչյուրը կանի առավելագույնը, որ իրենց հետ կապված ծնողների ցանկություններն ի կատար ածվեն",- ասաց Սամվել Եգանյանը: Նրա խոսքով՝ երեխաները պետական հոգածության և ուշադրության կարիք ունեն: Եվ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը միշտ պատրաստ է աջակցել, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն:

Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայում ընթացքի մեջ է 1631 կատարողական վարույթ, որից 865-ը՝ մարզերից: Այդ վարույթներից 138-ը վերաբերում է տեսակցությունների ապահովմանը, մեկ տասնյակը՝ երեխային մի ծնողից մյուսին հանձնմանը: Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունը աշխատանք է տանում շուրջ 2500 երեխայի հետ: