Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարյան արձակուրդների ընթացքում մշտական աշխատանքային ռեժիմով կվերահսկի երկրում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ստեղծված իրավիճակը պահանջում է մշտական ուշադրություն և ամենօրյա վերահսկողություն: Երկար արձակուրդ չի ունենա ոչ Նախագահը, ոչ էլ նախարարները»,- հայտարարել է Պեսկովը:
Հինգշաբթի Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել նախարարների կաբինետի հետ' տարին ամփոփելու և ապագայի անելիքները նախանշելու համար: Հանդիպման ընթացքում Պուտինը կառավարությանը կոչ է արել նույնիսկ հունվարյան արձակուրդների ընթացքում «ձեռքը զարկերակին պահել»: «Հիմա տոներ են, և մարդիկ հանգստի իրավունք ունեն: Սակայն կառավարության համար, ձեր գերատեսչությունների համար, իհարկե, այդպիսի երկար արձակուրդ, ամեն դեպքում, այս տարի, մենք չենք կարող թույլ տալ»,- նշել է ՌԴ Նախագահը:
ՌԴ Նախագահի նախաձեռնությունը պաշտպանել է նաև երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով հայտարարել է, որ ամանորյա արձակուրդների ընթացքում կառավարության անդամները պետք է անցկացնեն հիմնականում աշխատանքի վայրում: «Սա չի նշանակում, որ ընդհանրապես չի կարելի հանգստանալ, սակայն հարկավոր է վերահսկել իրավիճակը»,- ասել է ՌԴ վարչապետը: