Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի կենտրոնում դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան գյուղի բնակիչներ Արամ Մկրտչյանը եւ Բախշի Գաբրիելյանը փայտերով ծեծելով գայլ են սատկեցրել:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, գյուղի բնակիչ Արամ Մկրտչյան ն այսօր, ժամը ութն անց տասնհինգ րոպեին, իր 10 գլուխ ոչխարներին կերակրելու նպատակով գոմից դուրս է հանել եւ տեսել, որ ոչխարներն այս ու այն կողմ են փախչում:

 

Նա հանկարծ նկատել է իր գոմի տարածքում պտտվող գայլին: Արագ կողմնորոշվելով՝ Արամ Մկրտչյանը վերցնում է փայտը եւ վազում գայլի ուղղությամբ: Նրան է միանում նաեւ վահանցի Բախշի Գաբրիելյանը: Գայլը փախչում է դեպի գյուղամեջ, որտեղ էլ հասնում են հետապնդողները եւ սկսում փայտերով ուժգին հարվածել:

 

«Կիսակենդան, շշմած գայլին սկզբում կապում են, բայց հետո գայլը սատկում է», -պատմում է համայնքապետը եւ հավելում, որ այս քայլի շնորհիվ ոչ միայն Արամ Մկրտչյանի տաս գլուխ ոչխարներն են հոշոտումից ազատվում, այլ նաեւ գյուղի այլ տնտեսությությունների: «Այնուամենայնիվ, եթե գայլը գյուղ է մտնում, նշանակում է, որ նրանց վիճակը ծանր է, եւ չի բացառվում, որ նույն պատմությունն' անհայտ ելքով, կարող է կրկնվել»,- նշեց գյուղապետը:

 

Խոսրով Խլղաթյան